Հովհաննես Թումանյան



Քառյակներ

Ա՜նց կացա՛ն...
Օրերս թըռան, ա՜նց կացա՛ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՛ն, ա՜նց կացա՛ն:

* * *
Վերջացա՛վ...
Կյանքըս մաշվեց, վերջացա՛վ.
Ինչ հույս արի՝ փուչ էլավ,
Ինչ խընդություն՝ վերջը ցա՛վ:

* * *
Ո՞ւր կորա՛ն...
Մոտիկներըս ո՞ւր կորա՛ն,
Ինչքան լացի, ձեն ածի՝
Ձեն չի տըվին, լո՛ւռ կորան:

* * *
Ետ չեկավ...
Գընա՛ց, գընա՛ց, ետ չեկավ,
Անդարձ կապով սև հողում
Կապվե՛ց, մընա՛ց, ետ չեկավ:

* * *
Հիմի բացե՛լ են հանդես
Երգիչները իմ անտես.
Ջա՛ն, հայրենի՜ ծըղրիդներ,
Ո՞վ է լսում հիմի ձեզ:

* * *
Ծով է իմ վիշտն, անափ ու խոր,
Լիքն ակունքով հազարավոր.
Իմ զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը՝ լիքն աստղերով:

* * *
Քանի՛ մահ կա իմ սըրտում,
Թափուր գահ կա իմ սըրտում.
Չէ՞ դու էլ ես մահացու.
Մահի ահ կա իմ սըրտում:

* * *
Կյանքից հարբած անցավոր,
Ահա դարձյալ անցավ օր,
Դու վազում ես դեպի մահ —
Մահը բըռնում հանցավոր:

* * *
Ե՜տ եկե՛ք...
Գարնան վարար գետ եկե՛ք,
Անցա՛ծ օրեր, խինդ ու սե՜ր,
Դարձե՛ք, իրար հետ եկե՛ք:

* * *
Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մըտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկըսվում է ամեն օր:

* * *
Զուր եմ փախչում, ինձ խաբում,
Հազար կապ է ինձ կապում.
Ամենքի հետ ապրում եմ,
Ամենքի չափ տառապում:

* * *
Ո՛վ իմանա՝ ո՜ւր ընկանք,
Քանի՜ օրվա հյուր ընկանք,
Սերն ու սիրտն էլ երբ չըկա՝
Կըրա՛կ ընկանք, զո՛ւր ընկանք:

* * *
Երազումըս մի մաքի
Մոտըս եկավ հարցմունքի.
— Աստված պահի քո որդին,
Ո՞նց էր համը իմ ձագի...

* * *
Ինչքա՛ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել, —
Վատը՝ լավ եմ տեսել ես:

* * *
Քանի՛ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել՝ լույս տըվել,
Լույս տալով եմ ըսպառվել:

* * *
Մընացել է բերդը մեզ,
Հաղթանակի երթը մեզ.
Անց են կացել՝ ով կային,
Հիմի կըգա հերթը մեզ:

* * *
Հոգիս՝ տանը հաստատվել —
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նըկատել:

* * *
Ո՛նց է ժըպտում իմ հոգին
Չարին, բարուն, — ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին:

* * *
Ի՛նչ ես թըռչում, խև-դև սի՜րտ,
Հազար բանի ետև, սի՜րտ,
Ես ո՞նց հասնեմ հազար տեղ
Քեզ պես թափով, թեթև, սի՜րտ:

* * *
Իմ սո՛ւր, արթուն ականջում
Մի խոր ձեն է միշտ հընչում,
Անհո՛ւն, անքո՛ւն կարոտով
Իրեն մոտ է ինձ կանչում:

* * *
Լինե՛ր հեռու մի անկյան,
Լինե՛ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն:

* * *
Մի հավք զարկի ես մի օր.
Թըռա՛վ, գընաց վիրավոր:
Թըռչում է միշտ իմ մըտքում
Թևը արնոտ ու մոլոր:

* * *
Երկու շիրիմ իրար կից,
Հավերժական լուռ դըրկից,
Թախծում են պաղ ու խորհում
Թե՝ ի՛նչ տարան աշխարհքից:

* * *
Ո՞վ է ձեռքով անում, ո՞վ,
Հեռվից անթիվ ձեռքերով՝
―Ջա՛ն, հայրենի անտառներ,
Դուք եք կանչում ինձ ձեր քով:

* * *
Աշնան ամպին ու զամպին,
Մոլոր նըստած իր ճըմփին,
Լոռու հանդում՝ մի արտուտ
Նայում է միշտ իմ ճամփին:

* * *
Կըլթացնում են, արտորում
Արտուտները արտերում,
Թըռչում մանուկ հոգուս հետ,
Ճախրում, ճըխում եթերում:

* * *
Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան:

* * *
Մեռա՛ն, մեռա՛ն... Եվ ահա,
Խառնըվել են կյանք ու մահ.
Չեմ հասկանում աշխարհքի
«Կան ու չըկան» ես հիմա:

* * *
Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
Հեքիաթական պալատներում ըսպասում են իմ հոգուն.
Ի՛նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի...
Ա՛խ, թե, նորից գըտնեմ ճամփան դեպի էնտե՛ղ, դեպի տո՛ւն...

* * *
Դու մի անհայտ Բանաստեղծ ես, չըտեսնըված մինչ էսօր.
Առանց խոսքի երգ ես թափում հայացքներով լուսավոր:
Ես էլ, ասենք, զարմանալի Ընթերցող եմ բախտավոր,
Որ կարդում եմ էդ երգերը էսքան հեշտ ու էսքան խոր:

* * *
Հե՛յ ագահ մարդ, հե՛յ անգոհ մարդ, միտքըդ երկար, կյանքըդ կարճ
Քանի՛ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՛նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՜նչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ:

* * *
Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
Տանջում, տանջվում, որոնում է ու դըժբախտ է նա կըրկին.
Է՛յ անխելք մարդ, ե՞րբ տի թողնես ապրողն ապրի սըրտալի,
Ե՞րբ տի ապրես ու վայելես էս աշխարհքը շեն ու լի:

* * *
Քուն թե արթուն՝ օրիս շատը երազ եղավ, անցկացավ,
Երազն էլ, նուրբ ու խուսափուկ, վըռազ եղավ, անցկացավ.
Վըռազ անցան երազ, մուրազ, ու չըհասա ոչ մեկին,
Կյանքըս թեթև տանուլ տըված գըրազ եղավ, անցկացավ:

* * *
Ո՞ր աշխարհքում ունեմ շատ բան. միտք եմ անում՝ է՞ս, թե էն.
Մեջտեղ կանգնած՝ միտք եմ անում, չեմ իմանում՝ է՞ս, թե էն.
Աստված ինքն էլ, տարակուսած, չի հասկանում ինչ անի.
Տանի՛, թողնի՛, — ո՞րն է բարին, ո՞ր սահմանում, է՞ս, թե էն:

* * *
Կորցըրել եմ, ո՞ւր գըտնեմ,
Տեղըդ իմաց տուր՝ գըտնեմ,
Ման եմ գալի էս մըթնում
Քեզ մոտ գալու դուռ գըտնեմ:

* * *
Ի՞նչ իմանաս ըստեղծողի գաղտնիքները անմեկին. —
Ընկեր տըվավ, իրար կապեց էս աշխարհքում ամենքին.
Բանաստեղծին թողեց մենակ, մե՛ն ու մենակ իրեն պես,
Որ իրեն պես մըտիկ անի ամեն մեկին ու կյանքին:

* * *
Խայամն ասավ իր սիրուհուն. — Ոտըդ ըզգույշ դիր հողին,
Ո՛վ իմանա ո՜ր սիրունի բիբն ես կոխում դու հիմի...
Հե՛յ, ջա՛ն, մենք էլ ըզգույշ անցնենք, ո՛վ իմանա, թե հիմի
Էն սիրուհու բի՞բն ենք կոխում, թե հուր լեզուն Խայամի:

* * *
Երնեկ էսպես՝ անվերջ քեզ հետ — իմ կյանքի հետ լինեի.
Հազար երնեկ՝ դաշտում մենակ՝ երկընքի հետ լինեի.
Բայց ո՜վ կըտա էն վայելքը՝ ինքըս ինձ էլ չըզգայի,
Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի....

* * *
Լուսը լուսին քու ժպիտն է իմ երեսին ճառագում,
Երբ, ա՜խ, արդեն անբույժ զարկված, դեպի մահն եմ ես հակվում.
էսպես էն վառ արեգակի շողերի տակ կենսածոր
Կայծակնահար կաղնին ոտքի չորանում է օրեցօր:

* * *
Առատ, անհատ՝ Աստծու նըման՝ միշտ տեղալուց հոգնել եմ ես.
Հոգիս ծարավ՝ սըրան-նըրան մըտիկ տալուց հոգնել եմ ես.
Մինը պիտի գար իմ դեմը՝ ճոխ ու շըռայլ անհաշիվ,
Ամեն ճամփում ըսպասելուց ու փընտրելուց հոգնել եմ ես:

* * *
Ես շընչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր.
Ես լըսում եմ նըրա անլուռ կանչն ու հունչը ամենուր.
Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին
Տիեզերքի խոր մեղեդին ու մըրմունջը ամենուր:

* * *
Արյունալի աղետներով, աղմուկներով ահարկու,
Արևմուտքի ըստրուկները մեքենայի և ոսկու՝
Իրենց հոգու անապատից խուսափում են խուռներամ
Դեպ Արևելքն աստվածային — հայրենիքը իմ հոգու...

* * *
Ամեն անգամ Քո տըվածից երբ մի բան ես Դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՞նչքան է դեռ մընում, —
Զարմանում եմ, թե՝ ո՛վ Շըռայլ, ի՛նչքան շատ ես տըվել ինձ,
Ի՛նչքան շատ եմ դեռ քեզ տալու, որ միանանք մենք նորից:

* * *
Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՛նչ կա որ.
Ես եղել եմ, կա՛մ, կըլինեմ հար ու հավետ, ի՛նչ կա որ,
Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՛նչ կա որ:

* * *
Ասի. «Հենց լոկ էս աճյունն է ու անունը, որ ունեմ...»
Երբ ճառագեց անծայրածիր քո ժըպիտը հոգուս դեմ.
―Ի՛նչ է աճյունն էդ անկայուն, ու անունը, որ ունես,
Դու աստվա՛ծ ես, դու անհուն ես, անանուն ես ու անես...

* * *
Աստեղային երազների աշխարհքներում լուսակաթ,
Մեծ խոհերի խոյանքների հեռուներում անարատ,
Անհիշելի վերհուշերի մըշուշներում նըրբաղոտ՝
Երբեմն, ասես, ըզգում եմ ես, թե կը հասնեմ Նըրա մոտ...

* * *
Բարձր է հընոց աշխարհքն Հայոց ու Մասիսը երկնադետ.
Իմ խոր հոգին էն բարձունքին խոսք է բացել Նըրա հետ —
Անհաս բանից, ըսկզբանից, երբ չըկան էլ դեռ չըկար,
Մինչև վախճանն անվախճանի քընընում է դարե դար:

* * *
Ո՛վ անճառ Մին, որ ամենին միացնում ես մի կյանքում,
Ամեն կյանքում ու երակում անտես, անկեզ բորբոքում, —
Ողջ ազատ են ու հարազատ էս աշխարհքում Քեզանով,
Ողջը Քո մեջ՝ անմա՛հ, անվերջ՝ Քեզ են երգում Քո ձենով...

* * *
Աստծու բանտն են տաճարները — աշխարհքներում բովանդակ.
Իբր էնտեղ է ապրում տերը, պաշտողների փակի տակ:
Հարկավ՝ ազատ նա ժըպտում է ամենուրեք ամենքին,
Բայց դու նայիր խեղճ ու կըրակ մարդու գործին ու խելքին:

* * *
Կյանքըս արի հըրապարակ, ոտքի կոխան ամենքի.
Խափան, խոպան ու անպըտուղ, անցավ առանց արդյունքի:
Ինչքա՛ն ծաղիկ պիտի բուսներ, որ չըբուսավ էս հողին...
Ի՛նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տըվողին...

* * *
Իմ կընունքին երկինքը՝ ժամ, արևը՝ ջահ սըրբազան,
Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն՝ ավազան.
Սարը եղավ կընքահայրըս, ցողը՝ մյուռոն կենսավետ,
Ու կընքողըս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ:

* * *
Ամեն մի սիրտ ցավով լըցվեց մեր դարում,
Ցավոտ սըրտով աշխարհ լըցվեց մեր դարում.
Ցավոտ աշխարհքն եկավ լըցվեց բովանդակ
Իմ սիրտը բաց, իմ սիրտը մեծ մեր դարում:

* * *
Աղբյուրները հընչում են ու անց կենում,
Ծարավները տենչում են ու անց կենում,
Ու երջանիկ ակունքներին երազուն՝
Պոետները կանչում են ու անց կենում:

* * *
Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին:

* * *
Էնքան շատ են ցավերն, ավերն իմ սըրտում,
Էնքան անթիվ կորած լավերն իմ սըրտում...
Չեմ էլ հիշում չար ու խավար էս ժամին՝
Ե՜րբ են փայլել ուրախ օրերն իմ սըրտում:

* * *
— Էս է, որ կա... ճիշտ ես ասում. թասըդ բե՜ր:
Էս էլ կերթա՝ հանց երազում, թասըդ բե՜ր:
Կյանքն հոսում է տիեզերքում զընգալեն,
Մեկն ապրում է, մյուսն ըսպասում. թասըդ բե՜ր:

* * *
Հե՛յ ճամփանե՜ր, ճամփանե՜ր.
Անդարձ ու հին ճամփաներ,
Ովքե՞ր անցան ձեզանով,
Ո՞ւր գընացին, ճամփաներ:



Թմկաբերդի առումը

ՆԱԽԵՐԳԱՆՔ

Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին։

Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.
Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։

Է՜յ, լա՜վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես։

I
Նադիր Շահը զորք հավաքեց,
Զորք հավաքեց անհամար,
Եկավ Թըմկա բերդը պատեց,
Ինչպես գիշերն էն խավար։

— Հե՜յ քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՛կ, բերել եմ ես քու մահը,
Ի՞նչ ես թառել ամրոցում։

— Մի՛ պարծենա, գոռոզ Նադիր,
Պատասխանեց էն հըսկան.
Գըլխովը շա՜տ ամպեր կանցնեն,
Սարը միշտ կա անսասան։

Ասավ, կանչեց իր քաջերին,
Թուրը կապեց հավլունի,
Թըռավ, հեծավ նըժույգ իր ձին,
Դաշտը իջավ արյունի։

Ու քառսուն օր, քառսուն գիշեր
Կըռիվ տըվին անդադար,
Ընկան քաջեր, անթիվ քաջեր,
Բերդի գըլխին հավասար։

Իրան, Թուրան ողջ եկել են,
Թաթուլն անհաղթ, աննըկուն,
Զորք ու բաբան խորտակվել են
Նըրա բերդը միշտ կանգուն։

Ու միշտ ուրախ, հաղթանակով
Իր ամրոցն է դառնում նա.
Սպասում է էնտեղ կինը,
Ջահել կինը սևաչյա։

II
Էն տեսակ կին,
Ես իմ հոգին,
Թե աշուղն էլ ունենար,
Առանց զենքի,
Առանց զորքի
Շահերի դեմ կըգնար։

Սիրո հընոց,
Կրակ ու բոց՝
Էնպես աչքեր թե ժըպտան,
Մարդու համար
Օրվա պես վառ
Գիշերները լույս կըտան։

Վարդի թերթեր՝
Էնպես շուրթեր
Թե հաղթություն քեզ մաղթեն,
Էլ քեզ ո՛չ Շահ,
Ո՛չ ահ ու մահ,
Ո՛չ զենք ու զորք կըհաղթեն։

III
Ու կըռվի դաշտում Շահի առաջին
Արին մի անգամ գովքը սիրունի.
Նըրան՝ իր տեսքով, հասակով, ասին,
Չի հասնի չըքնաղ հուրին Իրանի։
Ծով են աչքերը Ջավախքի դըստեր,
Որ կորչում է մարդ նըրա հայացքում,
Ճակատը ճերմակ էն ձյունից էլ դեռ,
Որ բարձր Աբուլի գագաթն է ծածկում։
Նա է շունչ, հոգին իշխան Թափուլի,
Նըրա սիրովն է հարբած էն հըսկան,
Նըրա ժպիտն է քաջին ուժ տալի,
Որ դաշտն է իջնում առյուծի նըման։
Թե տիրես, մեծ Շահ, դու նըրա սըրտին,
Թաթուլն էլ անզոր կընկնի ոտիդ տակ,
Հանգիստ կը տիրես և Թըմուկ բերդին,
Որ չես կարենում էսքան ժամանակ։

IV
Էսպես է ասել հընուց էդ մասին
Ֆարսի բյուլբյուլը, անմահ Ֆիրդուսին.
Ի՜նչը կըհաղթի կյանքում հերոսին,
Թե չըլինին
Կինն ու գինին։

Արևի նման ճակատը պայծառ,
Նայում է խըրոխտ, կանգնած ինչպես սար,
Ո՜վ կանի նըրան գետնին հավասար,
Թե չըլինին
Կինն ու գինին։

Պարում է ասես կըռիվ գընալիս,
Գետընքից վերև թըռչում ման գալիս.
Ո՜վ ցած կըբերի նըրան թըռչելիս,
Թե չըլինին
Կինն ու գինին։

Թեկուզ և արար աշխարհ գա վըրան,
Կերթա դեմ ու դեմ, տուր չի տալ իրան,
Ռուստեմ Զալն էլ չի հաղթիլ նըրան,
Թե չըլինին
Կինն ու գինին։

V
Ու ղըրկեց Շահը իր թովիչ երգչին.
Գընա տե՛ս, ասավ, Թըմկա տիրուհուն,
Երգի՛ իմ սերը նըրա առաջին,
Պատմի՛ իմ փառքը ու գանձը անհուն։

Խոստացի նըրան իմ ոսկի գահը,
Խոստացի նըրան ամե՜ն, ամեն բան,
Ինչ կարող է խոստանալ Շահը,
Երկրակալ Շահը իր սիրած կընկան։

Ուր ահեղ կըռվով չի մտնիլ արքան,
Ղոնաղ է աշուղն իրեն սազի հետ.
Եվ ահա մի օր ծեր, թափառական
Մի աղքատ աշուղ մըտավ Թըմկաբերդ։

VI
Գոռում են, դողում Թըմկա ձորերը,
Կանգնած է Թաթուլ Շահի հանդիման.
Զարկում են, զարկվում դուշման զորքերը,
Արյունը հոսում՝ էն Քըռի նըման։

Զարկում են, զարկվում դուշման զորքերը,
Արյունը հոսում՝ էն Քըռի նըման.
Երգում է աշուղն իր Շահի սերը,
Անհուն գանձերը ու փառքն անսահման...

Լըսում է մատաղ Թըմկա տիրուհին,
Եվ վըրդովում են իր միտքը թաքուն
Դավաճան գործի ամոթը խորին
Եվ արքայական փառքն ու մեծություն...

Լըսո՞ւմ ես դու, սիրուն տիկին,
Ա՛յ նազանի աննըման.
Նայի Շահի՜ն, իրեն զորքի՜ն,
Աշխարհքի տերն անսահման...

Մեզ պես տըկար մարդ է նա էլ՝
Սիրուններին միշտ գերի.
Քու ճակատին թագ է վայել,
Լինիս շքե՜ղ թագուհի...

Լըսում է չքնաղ Թըմկա տիրուհին
Գիշեր ու ցերեկ, նորի՜ց ու նորից...
Ու դարձավ նա լո՜ւռ, դալո՜ւկ, մտախո՜հ,
Ու քունը փախավ սիրուն աչքերից...

VII
Դարձավ իր կըռվից իշխան Թաթուլը,
Դարձավ հաղթական իրեն զորքի հետ,
Սըրբեց, պատյանը դըրավ կեռ թուրը,
Ցնծության ձայնից դողաց Թըմկաբերդ։

Խընջույք է սարքել Թըմկա տիրուհին,
Ցերեկ է արել խավար գիշերը.
Հեղեղի նըման հոսում է գինին,
Ու քեֆ է անում Ջավախքի տերը։

Պըտույտ է գալի չըքնաղ տիրուհին,
Անցնում է, հըսկում սեղաններն ամեն,
Հորդորում, խընդրում, որ ուրախ լինին,
Որ լիքն ու առատ բաժակներ քամեն։

— Հապա լըցրե՜ք, իմ քաջ հյուրեր,
Բաժակներըդ լիուլի,
Խըմենք — Աստված կըտրուկ անի
Թուրը իմ քաջ Թաթուլի։

— Է՜յ, տեր աստված կըտրուկ անի
Թուրը մեր քաջ իշխանի,
Նըրա շուքը միշտ հանապազ
Մեր գըլխիցը անպակաս։

Ու թընդում է Թըմուկ բերդը
Էն աղմուկից խընդության,
Որոտում են տաղն ու երգը
Գոռ ձայներով հաղթական։

— Էն մըթին ամպից արծի՞վն է իջնում,
Սարի արծիվը շեշտակի թափով։
— Էն Թըմկա բերդից Թաթուլն է իջնում,
Թըշնամու հոգին լըցնում սարսափով։

— Էն Թըմկա ձորում սև ա՞մպն է գոռում,
Էն շա՞նթն է ճայթում էնպես ահարկու։
— Էն Թըմկա ձորում Թաթուլն է կըռվում,
Էն թուրն է շաչում էնպես ահարկու։

Ի՜նչ սարի արծիվ կըհասնի քաջին,
Ի՜նչ Շահ կըկանգնի նըրա առաջին։

Ու չի դադարում երգի հետ վարար
Կախեթի գինին խելագար հոսել.
Խըմում են տիկնոջ թանկ կյանքի համար,
Որ էն ժայռերին ծաղիկ է բուսել։

Խըմում են կըռվող քաջերի փառքին,
Որ կըռվի դաշտում կյանք չեն խընայում,
Եվ ընկածների սուրբ հիշատակին,
Որ երկընքից են այժմ իրենց նայում...

Պըտույտ է գալի ծաղիկ տիրուհին,
Անցնում է, հըսկում սեղաններն ամեն,
Հորդորում, խընդրում, որ ուրախ լինին,
Որ լիքն ու առատ բաժակներ քամեն։

— Օ՜ֆ, տիրուհի, աստված վկա,
Էլ չենք կարող մենք խըմել.
Էլ ուժ չըկա, էլ տեղ չըկա,
Շատ ենք խըմել ու հոգնել...

Ու հանգչում է Թըմուկ բերդը
Պապանձվում է ու մարում,
Հարբած, հոգնած տերն ու զորքը
Մըրափում են խավարում։

VIII
Լուռ ու խավարչտին կամարների տակ,
Հոգնած ու քընած բազմության վըրով
Թըռչում են, թըռչո՜ւմ, սև, չարագուշակ
Երազներն ահեղ, անվերջ խըմբերով։

Երազ է տեսնում Թաթուլ իշխանը,
Որ վիշապ օձը եկել է ահա,
Եկել, փաթաթվել, իր բերդը պատել,
Գըլուխը դըրել ետ պոչի վրա։

Ու բարձրացնում է հըրեշն ահռելի,
Իրեն գըլուխը բարձրացնում է վեր,
Բարձրացնում մինչև բարձունքը բերդի,
Մինչև Թաթուլի պալատն ու տըներ։

Պառկած է իբրև Թաթուլ իշխանը
Նազելի կընոջ գըլուխն իր կըրծքին,
Ու իբր ասում է՝ վե՛ր կաց, իմ հրեշտակ,
Թո՛ղ, որ սպանեմ ես էդ հըրեշին։

Էսպես է ասում Թաթուլ իշխանը,
Ու զարհուրանքով տեսնում է հանկարծ,
Իրեն սիրելի կընոջ գըլխի տեղ
Օձի գըլուխն է կըրծքին ծանրացած...

IX
Է՜յ, հըսկեցե՛ք, ի՞նչ եք քընում,
Քաջ զինվորներ Թաթուլի.
Ո՞վ է, տեսեք, տանջվում մըթնում,
Քուն չի աչքին մոտ գալի։

Չըլինի՞ թե հաղթահարված,
Ճարը հատած թըշնամին
Դավ է դընում մութն ու մեռած
Կես գիշերվա էս ժամին։

Վե՜ր կացեք, վե՜ր, ամբողջ գիշեր
Մարդ է գընում ու գալի.
Հե՜յ, զարթնեցե՜ք, առյուծ քաջեր,
Պահապաններ Թաթուլի։

Վե՜ր կացեք, վե՜ր, հարբեցրել է
Իր հաղթական հյուրերին,
Բաց է անում դուռն ու դարպաս
Ձեր դավաճան տիրուհին։

Դա՜վ... դա՜վ… ելե՜ք... կոչնա՜կ… պահնա՜կ...
Զենք առեք շո՜ւտ… ձի հեծե՜ք, ձի՜…
Ճըռընչում են, դըղըրդում են
Դարպասները երկաթի…

X
Բաց արավ ցերեկն իր աչքը պայծառ
Աշխարհքի վըրա, Ջավախքի վըրա,
Ավերակ բերդին, սև ամպի նըման,
Ծուխն ու թըշնամին չոքել են ահա։

Հաղթության փառքով ու գինով հարբած
Քընած են բերդի և՛ զորքերն, և՛ տեր,
Ու հավիտյան էլ մընացին քնած,
Դավին անտեղյակ, ցավին անտարբեր։

Նըստած է Շահը. նըրա առաջին
Ահա իրիկվան քեֆի սեղանը.
Նայում է Շահը անտեր գահույքին,
Մտքովն անցնում է աշխարհքի բանը։

Աշխարհում հաստատ չըկա ոչ մի բան,
Ու մի՛ հավատալ երբեք ոչ մեկին.
Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթության,
Ոչ սիրած կնկա տըված բաժակին…

Ու լի դառնությամբ հարցընում է նա
Դալուկ, մարմարիոն Թըմկա տիրուհուն.
— Պատասխան տո՛ւր ինձ, մատնիչ սևաչյա,
Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն...

— Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.
Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.
Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,
Չէր եղել կյանքում երբեք խաբեբա…

Էսպես տիկինը տըվավ պատասխան.
Անհուն ցասումից մըռընչաց Շահը.
— Հե՜յ, դահի՜ճ, գոռաց գազանի նըման.
Դահիճը իսկույն մտավ սրահը։

XI
Դահիճն եկավ ոտից գըլուխ
Կարմիր հագած ու արյուն,
Ու դուրս տարան իր պալատից
Թըմկա չըքնաղ տիրուհուն։

Տարան անտակ էն ժեռ քարից,
Որ կանգնած է մինչ էսօր,
Էն ահավոր քարի ծերից
Գըլորեցին դեպի ձոր։

Գել ու աղվես եկան հանդից
Ագահ սիրտը լափեցին,
Ցին ու ագռավ իջան ամպից,
Սև աչքերը հանեցին։

Անցավ անտես ու աննըման
Էն սիրունը աշխարհից,
Ինչպես ծաղիկն անցած գարնան,
Որ չի ծաղկիլ էլ նորից։

Անցավ զալում էն մեծ արքան
Իրեն փառքով ու զորքով,
Անցավ Թաթուլն էն հաղթական
Ու իր քաջերն էն կարգով։

Ու նըրանից մենակ անմեռ
Էս զրույցը հասավ մեզ,
Որ մեզանից հետո էլ դեռ
Պետք է խոսվի միշտ էսպես։

XII
Հե՜յ, պարոննե՜ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լավ ուշ դըրեք իմ խաղին։

Ամենքս էսպես հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց ենք կենում... միայն անմահ
Գործն է խոսվում լավ ու վատ.
Ա՜խ, երանի՝ ո՛վ մարդ կըգա
Ու մարդ կերթա անարատ։



Սասունցի Դավիթը

1
Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
Թնդում էր նրա հռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.
Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։

2
Էսպես, ահավոր առյուծի նըման,
Սասմա սարերում նստած էր իշխան
Քառասուն տարի։ Քառասուն տարում
«Ա՜խ» չէր քաշել նա դեռ իրեն օրում.
Բայց հիմի, երբ որ եկավ ծերացավ,
Էն անահ սիրտը ներս սողաց մի ցավ։
Սկըսավ մըտածել դյուցազուն ծերը.
— Հասել էն կյանքիս աշնան օրերը,
Շուտով սև հողին կերթամ ես գերի,
Կանցնի ծըխի պես փառքը Մըհերի,
Կանցնեն և՛ անուն, և՛ սարսափ, և՛ ահ,
Իմ անտեր ու որբ աշխարքի վըրա
Ոտի կըկանգնեն հազար քաջ ու դև...
Մի ժառանգ չունեմ՝ իմ անցման ետև
Իմ թուրը կապի, Սասուն պահպանի...
Ու միտք էր անում հըսկան ծերունի։

3
Մի օր էլ՝ էն գորշ հոնքերը կիտած
Երբ միտք էր անում, երկընքից հանկարծ
Մի հուր-հըրեղեն հայտնվեց քաջին,
Ոտները ամպոտ կանգնեց առաջին։
— Ողջո՜ւյն մեծազոր Սասմա հըսկային.
Քու ձենը հասավ աստծու գահին,
Ու շուտով նա քեզ մի զավակ կըտա։
Բայց լավ իմանաս, լեռների արքա,
Որ օրը որ քեզ ժառանգ է տըվել,
Էն օր կըմեռնեք քու կինն էլ, դու էլ։
— Իր կամքը լինի, ասավ Մհերը.
Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը,
Բայց որ աշխարքում ժառանգ ունենանք,
Մենք էլ նըրանով անմեռ կըմընանք։
Հըրեշտակն էստեղ ցոլացավ նորից,
Ու էս երջանիկ ավետման օրից
Երբ ինը ամիս, ինը ժամն անցավ,
Առյուծ-Մըհերը զավակ ունեցավ։
Դավիթ անվանեց իրեն կորյունին,
Կանչեց իր ախպեր Ձենով Օհանին,
Երկիրն ու որդին ավանդեց նըրան,
Ու կինն էլ, ինքն էլ էն օրը մեռան։

4
Էս դարում Մըսըր անհաղթ ու հզոր
Մըսրա-Մելիքն էր նըստած թագավոր։
Հենց որ իմացավ՝ էլ Մըհեր չըկա,
Վեր կացավ կըռվով Սասունի վըրա։
Ձենով Օհանը ահից սարսափած՝
Թըշնամու առաջն ելավ գըլխաբաց,
Աղաչանք արավ, ընկավ ոտները.
— Դու եղիր, ասավ, մեր գլխի տերը,
Ու քու շըվաքում քանի որ մենք կանք,
Քու ծառան լինենք, քու խարջը միշտ տանք,
Միայն մեր երկիր քարուքանդ չանես
Ու քաղցըր աչքով մեզ մըտիկ անես։
— Չէ՛, ասավ Մելիք, քու ամբողջ ազգով
Անց պիտի կենաս իմ թըրի տակով,
Որ էգուց-էլօր, ինչ էլ որ անեմ,
Ոչ մի սասունցի թուր չառնի իմ դեմ։
Ու գընաց Օհան՝ բոլոր-բովանդակ
Սասունը բերավ, քաշեց թըրի տակ
Մենակ Դավիթը, ինչ արին-չարին,
Մոտ չեկավ դուշման Մելիքի թըրին։
Եկան քաշեցին՝ թե զոռով տանեն,
Թափ տըվավ, մարդկանց գըցեց դես ու դեն,
Փոքրիկ ճըկույթը մի քարի առավ,
Ապառաժ քարից կըրակ դուրս թըռավ։
— Պետք է սպանեմ էս փոքրիկ ծուռին,
Ասավ թագավորն իրեն մեծերին։
— Թագավո՛ր, ասին, դու էսքան հըզոր,
Թըրիդ տակին է ողջ Սասունն էսօր.
Ի՞նչ պետք է անի քեզ մի երեխա,
Թեկուզ իր տեղով հենց կըրակ դառնա։
— Դո՛ւք գիտեք, ասավ Մըսրա թագավոր,
Բայց թե իմ գըլխին փորձանք գա մի օր,
Էս օրը վըկա,
Սըրանից կըգա։

5
Էս որ պատահեց, մեր Դավիթ հըսկան
Մի մանուկ էր դեռ յոթ-ութ տարեկան.
Մանուկ եմ ասում, բայց էնքան ուժեղ,
Որ նըրա համար թե մարդ, թե մըժեղ։
Բայց վա՜յ խեղճ որբին աշխարքի վըրա,
Թեկուզ Առյուծի կորյուն լինի նա։
Ձենով Օհանին ուներ մի չար կին։
Մին-երկու լըռեց, մի օր էլ կարգին
Իրեն մարդու հետ սկըսավ կըռվել.
— Ես մենակ հոգի, հազար ցավի տեր,
Ի՞նչ ես ուրիշի եթիմը բերել,
Նըստեցրել գըլխիս պարապ հացակեր...
Հո՜ղեմ գըլուխը... ես գերի հո չե՞մ՝
Ամենքի քեֆի ետևից թըռչեմ...
Մի կուռ կորցըրո՛ւ, կարգի՛ր մի բանի,
Գընա, իր համար աշխատանք անի...
Ու հետն սկսավ ողբալ ու կոծել,
Իր օրը սըգալ, իր բախտն անիծել,
Թե անբախտ եղավ աշխարքի միջում,
Ոչ մի տեր ունի, ոչ մարդն է խըղճում...
Գընաց Օհանը երեխի ոտի
Մի զույգ ոտնաման բերավ երկաթի,
Երկաթի մի կոռ շալակին դըրած,
Ու արավ Սասմա քաղքի գառնարած։

6
Քըշեց գառները մեր հովիվ հըսկան,
Ելավ Սասունի սարերն աննըման.
«Է՜յ ջան, սարե՛ր,
Սասման սարե՜ր...»
Որ կանչեց նրա ձենից ահավոր
Դըղորդ-դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր,
Վայրի գազաններ բըներից փախան,
Քարեքար ընկան, դատարկուն եղան։
Դավիթը ընկավ նըրանց ետևից,
Որին մի սարից, որին մի ձորից
Աղվես, նապաստակ, գել, եղնիկ բըռնեց,
Հավաքեց, բերավ, գառներին խառնեց,
Իրիկվան քըշեց ողջ Սասմա քաղաք։
Կաղկա՜նձ ու ոռնո՜ց, աղմո՜ւկ, աղաղա՜կ...
Քաղքըցիք հանկարծ մին էլ էն տեսան՝
Գալիս էն հըրես անհամար գազան.
«Վա՜յ, հարա՜յ, փախե՜ք... »
Մեծեր, երեխեք
Սըրտաճաք եղած,
Գործները թողած,
Որը տուն ընկավ, որը ժամ, խանութ,
Ու ամուր փակեց դուռն ու լուսամուտ։
Դավիթը եկավ, կանգնեց մեյդանում.
— Վա՜հ, էս մարդիկը ի՜նչ վաղ են քընում.
Հե՜յ ուլատեր, հե՛յ գառնատեր,
Ելե՛ք, շուտով բացեք դըռներ.
Ով մինն ուներ — տասն եմ բերել,
Ով տասն ուներ — քըսանն արել...
Շուտով ելե՛ք, եկե՜ք, տարե՜ք,
Ձեր գառն ու ուլ գոմերն արեք։
Տեսավ՝ չեն գալի, դուռ չեն բաց անում,
Ինքն էլ մեկնըվեց քաղքի մեյդանում,
Գըլուխը դըրավ մի քարի՝ մընաց,
Ու մուշ-մուշ քընեց մինչև լուսաբաց։
Լուսին իշխաններ ելան միասին,
Գընացին Ձենով Օհանին ասին.
— Տո՛ Ձենով Օհան, տո՛ մահի տարած,
Էս խենթը բերիր, արիր գառնարած,
Ոչ գառն է ջոկում, ոչ գելն ու աղվես,
Գազանով լըցրեց մեր քաղաքն էսպես,
Աստված կըսիրես՝ դի՛ր ուրիշ բանի,
Թե չէ էս խա՛լխին լեղաճաք կանի։

7
Ելավ Օհանը, Դավթի մոտ գնաց.
— Հորեղբայր Օհան, հեռո՜ւ եկ, կամա՜ց,
Ուլեր կըփախչեն։ — Մին էլ էնտեղից
Մի բոզ նապաստակ, ականջները ցից,
Խրտնեց ու ահից դուրս պրծավ հանկարծ։
Դավիթն էր. ելավ, ետևից ընկած
Էն սարը քշեց, ետ բերավ էս ձոր,
Բերավ, ուլերին խառնեց նորից նոր։
— Օ՜ֆ, ի՜նչ դըժվար է, հորեղբայր Օհան.
Աստված օխնել է էն սև-սև ուլեր,
Ամա բոզալուկ էս ուլեր, որ կան,
Փախչում են, ցըրվում ողջ սարերն ի վեր.
Էնքան եմ երեկ վազել, չարչարվե՜լ,
Մինչև հավաքել ու տուն եմ բերե՜լ...
Նայեց Օհանը, որ Դավթի հագին
Ոտնաման չի էլ մընացել կարգին,
Մահակն էլ մաշվել, մինչ բուռն է հասել,
Մի օրվա միջում էնքան է վազել։
— Դավի՛թ ջան, ասավ, չեմ թողնի էսպես,
Բոզալուկ ուլեր չարչարում են քեզ.
Էգուց նախիրը կըտանես արոտ։
Ասավ Օհանը ու մյուս առավոտ
Գընաց, նորից նոր մեր Դավթի ոտի
Մի ջուխտ նոր տըրեխ բերավ երկաթի,
Երկաթի մի կոռ հարյուր լըդրական
Ու շինեց Սասմա քաղքի նախրապան։

8
Քըշեց նախիրը մեր նախրորդ հըսկան,
Ելավ Սասունի սարերն աննըման։
«Է՜յ ջան, սարե՛ր,
Սասման սարե՛ր,
Ի՜նչ անուշ է
Ձեր լանջն ի վեր...»
Որ կանչեց, նըրա ձենից ահավոր
Դըղորդ-դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր։
Վայրի գազաններ բըներից փախան,
Քարեքար ընկան, դատարկուն եղան։
Դավիթն էր. ընկավ նրանց ետևից,
Որին մի սարից, որին մի ձորից,
Գել, ինձ, առյուծ, արջ, վագըր բռնեց,
Հավաքեց, բերավ, իր նախրին խառնեց
Ու առաջն արավ դեպի Սասմա քաղաք։
Ոռնո՜ց, մըռընչյո՜ւն, աղմո՜ւկ, աղաղա՜կ...
Վախկոտ քաղքըցիք մին էլ ի՜նչ տեսան,
Հենց քաղքի վըրա անհամար գազան...
«Վա՜յ, հարա՜յ, փախե՜ք...»
Մեծեր, երեխեք
Սըրտաճաք եղած,
Գործները թողած
Փախան, ներս ընկան տուն, ժամ կամ խանութ,
Ամուր փակեցին դուռն ու լուսամուտ։
Դավիթը եկավ կանգնեց մեյդանում.
— Վա՜հ, էս քաղքըցիք ի՜նչ վաղ են քընում։
Հե՜յ կովատեր, հե՜յ գոմշատեր,
Ելե՛ք, շուտով բացեք դըռներ,
Ով մինն ուներ — տասն եմ բերել,
Ով տասն ուներ — քըսանն արել։
Շուտով ելե՜ք, եկե՜ք, տարե՜ք,
Ձեր եզն ու կով գոմերն արեք։
Տեսավ՝ չեն գալի, դուռ չեն բաց անում,
Ինքն էլ մեկնըվեց քաղքի մեյդանում,
Գըլուխը դըրավ մի քարի, մընաց,
Ու մուշ-մուշ քընեց մինչև լուսաբաց։
Լուսին իշխաններ ելան միասին,
Գընացին Ձենով Օհանին ասին.
— Ամա՜ն, քեզ մատաղ, ա՛յ Օհան ախպեր,
Մեր եզն ու մեր կով թող մընան անտեր,
Միայն սրանից ազատ արա մեզ։
Ոչ արջն է ջոկում, ոչ գոմեշն ու եզ,
Մի օր էլ քաղքին փորձանք կըբերի,
Արջերոց կանի, կըտա կավերի։

9
Դավիթ չըդառավ, մի կըրա՜կ դառավ։
Ճարը կըտըրված՝ Օհանը բերավ
Նետ-աղեղ շինեց ու տըվավ իրեն՝
Գընա, որս անի սարերի վըրեն։
Դավիթ նետ-աղեղն առավ Օհանից,
Հեռացավ Սասմա քաղաքի սահմանից
Ու դառավ որսկան։ նաց, մի կորկում
Լոր էր սպանում, ճնճղուկ էր զարկում,
Մըթանը գընում իրեն հոր ծանոթ
Աղքատ, անորդի մի ծեր կընկա մոտ,
Վիշապի նըման, երկա՜ր, ահագի՜ն
Մեկնըվում, քընում կըրակի կողքին։
Մի օր էլ, երբ որ իր որսից դարձավ,
Պառավը վըրեն սաստիկ բարկացավ։
— Վա՜յ Դավիթ, ասավ, մահըս տանի քեզ,
Դո՞ւ պետք է էն հոր զավակը լինե՜ս։
Ձեռից ու ոտից ընկած մի ծեր կին —
Ես եմ ու էն արտն աստըծու տակին,
Ինչո՞ւ ես գընում, տափում, տըրորում,
Իմ ամբողջ տարվան ապրուստը կըտրում։
Թե որսկան ես դու — նետ-աղեղըդ ա՛ռ,
Ծըծմակա գըլխից մինչև Սեղանսար
Քու հերը ձեռին մի աշխարհ ուներ,
Որսով մեջը լի որսի սար ուներ.
Եղնիկ կա էնտեղ, այծյամ ու պախրա.
Կարո՞ղ ես — գընա, էնտեղ որս արա։
— Ի՞նչ ես, ա՛յ պառավ, էլ ինձ անիծում.
Ես ջահիլ եմ դեռ, ես նոր եմ լըսում։
Ո՞րտեղ է հապա սարը մեր որսի...
— Գընա՛, հորեղբայրդ — Օհանը կասի։

10
Հորեղբոր շեմքում մյուս օրը ծեգին
Դավիթը կանգնեց աղեղը ձեռքին։
— Հորեղբա՛յր Օհան, ինչո՞ւ չես ասել՝
Իմ հերը որսի սար է ունեցել,
Այծյամ կա էնտեղ, եղջերու, կըխտար.
Վեր կաց, հորեղբա՛յր, տար ինձ որսասար։
— Վա՜յ, կանչեց Օհան, էդ քու խոսքը չէր,
Էդ ով քեզ ասավ, լեզուն պապանձվեր։
Էն սարը, որդի՛, գնաց մեր ձեռից,
Էն սարի որսն էլ գնաց էն սարից,
Էլ չկան այծյամ, եղջերու, կըխտար։
Քանի լուսեղեն քու հերը դեռ կար,
(Է՜յ գիդի օրեր — ո՜րտեղ եք կորել),
Ես շատ եմ էնտեղ որսի միս կերել...
Քու հերը մեռավ, աստված խըռովեց,
Մըսրա թագավոր զորքեր ժողովեց,
Եկավ, մեր երկիր քարուքանդ արավ,
Էս սարի որսն էլ թալանեց, տարավ.
Եղնիկը գընաց, եղջերուն գընաց...
Մեր գիրն էլ հալբաթ էսպես էր գրած։
Անցել է, որդի, քու բանին գընա,
Մըսրա թագավոր ձենըդ կիմանա...
— Մըսրա թագավոր ինձ ի՞նչ կանի որ...
Ես ի՞նչ եմ հարցնում Մըսրա թագավոր.
Մըսրա թագավոր թող Մըսըր կենա,
Իմ հոր սարերում ի՞նչ գործ ունի նա...
Վեր կաց, հորեղբա՛յր, նետ-աղեղդ առ,
Կապարճըդ կապի՛ր, գընանք որսասար։
Ելավ Օհանը ճարը կըտըրված,
Գընացին տեսան՝ էլ ի՜նչ որսասար.
Անտառը ջարդած, պարիսպն ավերած,
Բուրգերը արած գետնին հավասար...

11
Գիշերը հասավ, մընացին էնտեղ։
Ձենով Օհանն էր, իր նետն ու աղեղ
Դըրավ գլխի տակ, հանգիստ խըռըմփաց.
Դավիթը մնաց մտքի ծովն ընկած։
Մին էլ նկատեց, որ մութը հեռվում
Մի թեժ, փայլփլուն կըրակ է վառվում։
Էն լուսը բըռնած՝
Վեր կացավ, գնաց,
Գընաց ու գընա՜ց, բարձրացավ մի սար,
Բարձրացավ, տեսավ մի մեծ մարմար քար
Կիսից պատըռված,
Ու միջից վառված
Բըխում է լուսը պա՜րզ, քուլա-քուլա՜,
Բարձրանում, իջնում ետ քարի վըրա։
Վար իջավ Դավիթ էնտեղից կըրկին,
Վար իջավ, կանչեց Ձենով Օհանին.
— Ե՛լ, էն պայծառ լուսը մի տես։
Լուս է իջել բարձըր սարին,
Բարձըր սարին, մարմար քարին։
Ե՛լ, հորեղբայր, անուշ քընից.
Էն ի՞նչ լուս է բըխում քարից։
Ելավ, խաչ քաշեց Օհանն երեսին.
— Է՜յ, որդի՛, ասավ, մեռնեմ իր լուսին,
Էն մեր Մարութա սարն է զորավոր։
Էն լուսի տեղը կանգնած էր մի օր
Սասմա ապավեն, Սասմա պահապան
Մեր սուրբ Տիրամոր վանքը Չարխափան։
Մըշտական, երբ որ կըռիվ էր գընում,
Էնտեղ էր քու հերն իր աղոթքն անում։
Քու հերը մեռավ, աստված խըռովեց,
Մըսրա թագավոր զորքեր ժողովեց,
Մեր վանքն էլ եկավ քանդեց էն սարում,
Բայց դեռ սեղանից լուս է բարձրանում...

12
Դավիթը էս էլ երբ որ իմացավ,
— Անո՛ւշ հորեղբայր, հորեղբա՛յր ասավ,
Որբ եմ ու անտեր աշխարքի վըրա,
Հեր չունեմ՝ դու ինձ հերություն արա՛։
Էլ չեմ իջնի ես Մարութա սարից,
Մինչև չըշինեմ մեր վանքը նորից։
Քեզանից կուզեմ հինգ հարյուր վարպետ,
Հինգ հազար բանվոր մըշակ նըրանց հետ,
Որ գան՝ էս շաբաթ կանգնեն ու բանեն,
Առաջվան կարգով մեր վանքը շինեն։
Գընաց Օհանը ու բերավ իր հետ
Հինգ հազար բանվոր, հինգ հարյուր վարպետ։
Վարպետ ու բանվոր եկան կանգնեցին,
Չըրը՛խկ հա թըրը՛խկ նորից շինեցին,
Առաջվան կարգով, փառքով փառավոր
Բարձըր Մարութա վանքը Տիրամոր։
Ցըրված միաբանք ետ նորից եկան,
Նորից թընդացին աղոթք, շարական.
Ու երբ շեն արավ հոր վանքը նորից,
Ձած իջավ Դավիթ Մարութա սարից։

13
Համբավը տարան Մըսրա Մելիքին.
— Հապա՜ չես ասիլ՝ Դավիթը կրկին
Հոր վանքը շինել, իշխան է դառել,
Դու օխտը տարվան խարջը չես առել։
Մելիք զայրացավ.
— Գընացե՛ք, ասավ,
Բադին, Կոզբադին,
Սյուդին, Չարխադին,
Սասմա քար ու հող տակն ու վեր արեք,
Իմ օխտը տարվան խարաջը բերեք։
Քառսուն կույս աղջիկ բերեք արմաղան,
Քառսուն կարճ կընիկ, որ եկանք աղան,
Քառասունն էլ երկար, որ ուղտեր բառնան,
Իմ տանն ու դըռան ղարավաշ դառնան։
Ու Կոզբադին առավ զորքեր.
— Գըլխի՛ս վըրա, ասավ, իմ տեր.
Գընամ հիմի քանդեմ Սասուն,
Կանայք բերեմ քառսուն-քառսուն,
Քառսուն բեռնով դեղին ոսկի,
Տեղը ջընջեմ հայոց ազգի։
Ասավ, Մըսրա աղջիկ ու կին
Պար բըռնեցին ու երգեցին.
Մեր Կոզբադին գընաց Սասուն,
Կանայք բերի քառսուն-քառսուն,
Քառսուն բեռնով ոսկի բերի,
Մեր ճակատին շարան շարի,
Կարմիր կովեր բերի կըթան՝
Գարնան շինենք եղ ու չորթան։
Ջա՛ն Կոզբադին, քաջ Կոզբադին,
Սասմա Դավթին զարկեց գետին։
Ու Կոզբադին փըքված, ուռած,
— Շնորհակալ եմ, քո՛ւյրեր, գոռաց,
Մինչև գալըս դեռ համբերեք,
Էն ժամանակ պիտի պարեք...

14
Էսպես երգով,
Զոռով-զորքով
Գոռ Կոզբադին մըտավ Սասուն.
Օհան լըսեց՝ կապվեց լեզուն։
Աղ ու հացով,
Լաց ու թացով
Առաջն ելավ,
Խընդիրք արավ.
— Ինչ որ կուզես՝ առ, տա՛ր, ամա՛ն.
Վարդ աղջիկներ, կանայք Սասման,
Դառը դադած դեղին ոսկին,
Միայն թե գըթա մեր խեղճ ազգին,
Մի՛ կոտորիր, մի՛ տար մահու,
Վերև՝ աստված, ներքևը՝ դու...
Ասավ, բերավ շարան-շարան
Վարդ աղջիկներ, կանայք Սասման։
Ու Կոզբադին կանգնեց, ջոկեց,
Մարագն արավ, դուռը փակեց,
Քառսուն կույս աղջիկ, սիրուն, արմաղան,
Քառսուն կարճ կընիկ, որ երկանք աղան,
Քառսուն էլ երկար, որ ուղտեր բառնան,
Մըսրա Մելիքին ղարավաշ դառնան։
Դեզ-դեզ կիտեց դեղին ոսկին.
Սև սուգ կալավ հայոց ազգին։

15
Հե՜յ, ո՞ւր ես, Դավի՜թ, հայոց պահապան,
Քարը պատըռվի-դո՛ւրս արի մեյդան։
Քանդած հոր վանքը որ շինեց նորից,
Ցած իջավ Դավիթ Մարութա սարից,
Ժանգոտած, անկոթ մի շեղբիկ գըտավ,
Գընաց՝ պառավի շաղգամը մըտավ։
Պառավն էր. եկավ՝ անե՜ծք, աղաղա՜կ.
— Վա՜յ, խելա՛ռ Դավիթ, շաղգամի տեղակ
Դու կըրակ ուտես, ցավ ուտես, ասավ,
Քու աչքն աշխարքում մենակ ի՞նձ տեսավ.
Կորեկըս արիր գետնին հավասար,
Էս էր մընացել ձըմեռվան պաշար,
Էս էլ կըտրում ես,
Էլ ո՞նց ապրեմ ես։
Թե կըտրիճ ես դու, աղեղդ ա՛ռ գընա՛,
Քու հոր աշխարքին տիրություն արա՛,
Քու հոր գանձը կե՛ր,
Թողել ես անտեր,
Մըսրա թագավոր մեր ի՞նչն է տանում։
— Մըսրա թագավոր քու աչքն է հանում,
Դանդալոշ Դավիթ. ղըրկել է հըրեն,
Եկել են Սասմա քաղաքի վըրեն
Բադին, Կոզբադին,
Սյուդին, Չարխադին,
Թալան են տալիս բովանդակ Սասուն.
Քառսուն բեռ ոսկի խարաջ են ուզում,
Քառսուն կույս աղջիկ սիրուն, արմաղան,
Քառսուն կարճ կընիկ, որ երկանք աղան,
Քառսուն էլ երկար, որ ուղտեր բառնան,
Մըսրա Մելիքին ղարավաշ դառնան։
— Ի՞նչ ես, ա՛յ պառավ, էլ ինձ անիծում.
Ցույց տուր մի տեսնեմ — որտե՞ղ են ուզում։
— Որտեղ են ուզում... Մահըս տանի քե՜զ.
Դո՛ւ պետք է էն հոր զավակը լինե՜ս...
Եկել ես՝ էստեղ շաղգամ ես լափում...
Ոսկին Կոզբադին ձեր տանն է չափում,
Աղջիկներ փըլեկ մարագն են լըցրած։
Շաղգամը թողեց Դավիթ ու գնաց։
Տեսավ՝ Կոզբադին իրենց տան միջին,
Թափում է ոսկին թեղած առաջին,
Սյուդին, Չարխադին պարկերն են բըռնել,
Ձենով Օհանն էլ շըլինքը ծըռել,
Կանգնել է հեռու, ձեռները ծոցին։
Տեսավ, աչքերը արնով լըցվեցին։
— Վե՛ր կաց, Կոզբադին, հեռո՛ւ կանգնիր դու,
Իմ հոր ոսկին է — ես եմ չափելու։
— Կոզբադին ասավ. — Է՜յ, Ձենով Օհան,
Կըտաս — տո՛ւր խարջը էս օխտը տարվան,
Թե չէ՝ կըգնամ, միրուքըս վըկա,
Մըսրա-Մելիքին կը պատմեմ, կըգա,
Ձեր Սասմա երկիր քար ու քանդ կանի,
Տեղը կըվարի, բոստան կըցանի։
— Կորե՛ք, անզգամ դուք Մըսրա շներ,
Բա չե՞ք իմացել դուք Սասմա ծըռեր...
Մեռա՞ծ եք կարծում դուք մեզ, թե՞ շըվաք,
Կուզեք մեր երկիր դընեք խարջի տա՜կ...
Բարկացավ Դավիթ, չափը շըպըրտեց,
Տըվավ Կոզբադնի գըլուխը ջարդեց,
Չափի փըշրանքը պատն անցավ, գընաց,
Մինչև օրս էլ դեռ գընում է թըռած։
Ու ելան՝ թափած ոսկին թողեցին,
Հայոց աշխարքից փախան գընացին
Բադին, Կոզբադին,
Սյուդին, Չարխադին։

16
Վա՜յ, վա՜յ, հորեղբա՛յր, ի՜նչ ասեմ ես քեզ.
Մենք ունենք էստեղ դեղին ոսկու դեզ,
Դու արել ես ինձ քաղաքի ծառան,
Դու թողել ես ինձ օտարի դըռան...
Հորեղբայրն ասավ. — Ա՛յ խենթ, խելագար,
Ոսկին պահել եմ Մելիքի համար,
Որ քաղցըր լինի աչքը մեզ վըրա։
Չըտըվիր, հիմի որ զորք առնի՝ գա,
Սասմա քար ու հող հեղեղի, տանի,
Ո՞վ դեմը կերթա, ո՞վ կըռիվ կանի։
— Դու կա՛ց, հորեղբա՛յր, թող գա, ե՛ս կերթամ,
Կերթամ, ե՛ս նըրան պատասխան կըտամ։
Ու մութ մարագի դըռանը զարկեց,
Փակած աղջիկներ հանեց, արձակեց։
— Գընացե՛ք, ասավ, ազատ ապրեցե՛ք,
Սասունցի Դավթին արև խընդրեցեք։

17
Էսպես ջարդված, արյունլըվա
Փախան, ընկան հողը Մըսրա
Բադին, Կոզբադին,
Սյուդին, Չարխադին։
Մըսրա կանայք հեռվից տեսան,
Հեռվից տեսան, ուրախացան
Ու ծափ տըվին կըտերներին.
— Եկա՜ն, եկա՜ն, բերի՜ն, բերի՜ն...
Մեր Կոզբադին գնաց Սասուն,
Կանայք բերավ քառսուն-քառսուն,
Կարմիր կովեր բերավ կըթան՝
Գարնան շինենք եղ ու չորթան...
Հենց մոտեցան, նըկատեցին,
Ծափ ու խնդում ընդհատեցին,
Քըրքըջացին
Ու կանչեցին.
— Է՜յ, Կոզբադին մեծաբերան,
Էդ որտեղի՞ց լերան-լերան,
Լերան-լերան կըգաս փախած,
Հաստ գըլուխըդ կիսից ճըղած։
Էն դո՞ւ չասիր՝ գընամ Սասուն,
Կանայք բերեմ քառսուն-քառսուն,
Քառսուն բեռնով ոսկի հանեմ,
Հայոց երկիր ավեր անեմ։
Գացիր Սասուն քանց գել գազան,
Ետ ես գալի քանց շուն վազան...
Ու Կոզբադին խիստ բարկացավ.
— Սո՛ւս կացեք դուք, լըրբե՛ր, ասավ.
Ձեր մարդիկն եք տեսել դուք դեռ,
Դուք չեք տեսել Սասմա ծըռեր։
Սասմա ծըռեր լերան-լերան,
Նետեր ունեն մի-մի գերան.
Սասմա երկիր քար ու կապան,
Դըժար սարեր, ձոր ու ծապան.
Նըրանց խոտեր — ինչպես կեռ թուր,
Զորք ջարդեցին երեք հարյուր...
Ասավ ու էլ չառավ դադար,
Վըռազ-վըռազ, գըլխապատառ
Վազեց իրեն թագավորին։
Խընդաց թագվորն իր աթոռին։
— Ապրե՛ս, ապրե՛ս, քաջ Կոզբադին,
Արժե՝ կախեմ ես քու ճըտին
Մեր ղուզղունի մեծ նըշանը —
Պարգև քու մեծ հաղթությանը։
Ո՞ւր են, հապա առաջըս բեր
Սասմա ոսկին ու աղջիկներ։
Ասավ Մելիք, ու Կոզբադին
Գըլուխ տըվավ մինչև գետին.
— Ապրա՜ծ կենաս, մեծ թագավոր,
Զոռով փախա ես ձիավոր,
Ո՞նց բերեի Սասմա ոսկին։
Մի խենթ ծընվեց հայոց ազգին,
Ոչ ահ գիտի, ոչ տեր ու մեծ,
Գըլուխըս էսպես տըվավ ջարդեց.
«Չե՛մ տալ, ասավ, իմ հոր ոսկին,
Չեմ տալ կանայք իմ հայ ազգին,
Սասմա երկիր ձեզ տեղ չըկա...
Քո թագավոր, ասավ թո՛ղ գա,
Թող գա՝ ինձ հետ կըռիվ անի,
Թե ղոչաղ է՝ զոռով տանի»։
Կատաղեց, փըրփըրեց Մըսրա թագավոր.
— Կանչեցե՜ք, ասավ, իմ զորքը բոլոր.
Հազար հազար մարդ նորելուկ մանուկ,
Հազար հազար մարդ անբեղ, անմորուք,
Հազար հազար մարդ բեղը նոր ծըլած,
Հազար հազար մարդ նոր թախտից ելած,
Հազար հազար մարդ թուխ միրուքավոր,
Հազար հազար մարդ սիպտակ ալևոր,
Հազար հազար մարդ որ փողեր հընչեն,
Հազար հազար մարդ, որ թըմբուկ զարկեն...
Կանչեցե՜ք, թող գան, հագնեն զե՜նք, զըրա՜հ,
Կըռիվ տի գընամ ես Դավթի վըրա,
Սասունն ավիրեմ,
Հեղեղեմ, բերեմ։

18
Էսպես անհամար զորքեր հավաքեց,
Եկավ Սասմա դաշտ, բանակը զարկեց
Ու ծանըր նըստեց Մըսրա թագավոր։
Էնքան ահագին բազմությունն էն օր
Բաթմանա ջըրին եկավ ու չոքեց,
Ով եկավ, խըմեց — գետը ցամաքեց,
Սասմա քաղաքում մընացին ծարավ։
Ձենով Օհանին զարմանքը տարավ։
Քուրքը ուսն առավ, սարը բարձրացավ.
Սարը բարձրացավ, տեսավ, ի՜նչ տեսավ։
Ճերմակ վըրանից դաշտը ճերմակել,
Ասես՝ էն գիշեր ձըմեռը եկել,
Սպիտակ ձյունով պատել էր Սասուն։
Լեղին ջուր կտրեց, կապ ընկավ լեզուն,
Հարա՜յ կանչելով՝ փախավ տուն ընկավ.
— Վա՜յ, փախե՜ք, եկա՜վ... հա՜յ, հարա՜յ, եկավ...
— Ինչը՞ հորեղբա՛յր, ի՞նչը, ի՞նչն եկավ...
— Ցավն ու կըրա՜կը Դավթի պինչն եկավ։
Մըսրա թագավոր ելել է, եկել,
Եկել, մեր դաշտին բանակ է զարկել.
Թիվ կա աստղերին, թիվ չկա զորքին...
Վա՜յ մեր արևին, վա՜յ մեր աշխարքին...
Ե՛կ, ոսկին տանենք, աղջիկներ տանենք,
Չոքենք առաջին, պաղատանք անենք,
Գուցե թե գըթա,
Մեզ սըրի չտա...
— Դու կա՛ց, հորեղբայր, դու դարդ մի՛ անիր..
նա՛, քու օդում դու հանգիստ քընիր.
Հիմի ես կելնեմ Սասմա դաշտ կերթամ,
Մըսրա-Մելիքին պատասխան կըտամ։
Ու գընաց Դավիթ ծանոթ պառավին.
— Նանի ջա՛ն, ասավ, ժանգոտած ու հին
Երկաթի կըտոր, անթարոց, շամփուր,
Ինչ ունես, չունես, հավաքի՛ր, ինձ տուր,
Մի էշ էլ գըտիր, որ վըրեն նըստեմ,
Կըռիվ տի գընամ Մըսրա զորքի դեմ։
— Վա՜յ, Դավի՛թ, ասավ, մահըս տանի քեզ.
Դո՞ւ պետք է էն հոր զավակը լինե՜ս...
Քու հերըն ուներ կըռվի համար
Հըրեղեն ձի, ոսկի քամար,
Ծալ-ծալ կապեն, գուռզը պողպատ,
Թամբ սադափեն, կուռ սաղավարտ,
Խաչ պատրաստին իր աջ բազկին,
Զըրահ շապիկ, Թուր-Կեծակին,
Դու եկել ես ա՛յ խենթ ու ծուռ,
Ինձնից կուզես էշ ու շամփո՜ւր...
— Ամա՛ն, նանի՛, չեմ լըսել դեռ։
Ո՜ւր են հիմի իմ հոր զենքեր։
— Հորեղբորըդ գընա հարցուր.
Ո՞ւր են, ասա, հանի՛ր, բեր, տուր։
Բան է, թե որ չըտա սիրով,
Աչքը հանիր՝ խըլիր զոռով։

19
Դավիթ գընաց հորեղբոր մոտ.
— Է՜յ հորեղբայր, կանչեց հերսոտ,
Իմ հերն ուներ կռվի համար
Հրեղեն ձի, ոսկի քամար,
Ծալ-ծալ կապեն գուռզը պողպատ,
Թամբ սադափեն, կուռ սաղավարտ,
Խաչ պատրաստին իր աջ բազկին,
Զըրահ շապիկ, Թուր-Կեծակին,
Կըտաս — բեր տուր...
— Վա՜յ Դավիթ ջա՜ն,
Ահից գոռաց Ձենով Օհան.
Քո հոր մահվան տարուց-օրից
Դուրս չեմ հանել ձին ախոռից,
Ոչ սընդուկից Թուր-Կեծակին,
Զըրահ շապիկ, ոսկի գոտին...
Ինձ թող ամա՜ն, մի՛ սպանիր,
Կուզես — հըրեն, գընա հանի՛ր։

20
Հագավ Դավիթ զենքն ու զըրահ,
Կապեց գոտին, Թուր-Կեծակին,
Խաչն էլ իր հաղթ բազկի վըրա,
Ելավ, հեծավ Առյուծ հոր ձին,
Հոր ձին հեծավ ու մըտրակեց.
Ձենով Օհան լալով երգեց.
— Ափսո՜ս, հազա՜ր ափսոս հըրեղեն մեր ձին,
Ա՜խ, հըրեղեն մեր ձին.
Ափսո՜ս, հազա՜ր ափսոս մեր ոսկի գոտին.
Ա՜խ, մեր ոսկի գոտին.
Ափսո՜ս թանկ կապեն, որ հագին տարավ,
Ա՜խ, որ հագին տարավ...
Դավիթ բարկացավ,
Ձին քշեց, դարձավ,
Օհանը վախեց,
Իր երգը փոխեց.
«Ափսո՜ս, նորելուկ Դավիթըս կորավ,
Ա՜խ, Դավիթըս կորավ»։

Էս որ իմացավ,
Դավիթ մեղմացավ,
Իջավ, Օհանի ձեռքը համբուրեց։
Ձենով Օհանն էլ, ինչպես հայր ու մեծ,
Օրհնեց, խըրատեց նըրան հայրաբար,
Դեպի Սասմա դաշտ դըրավ ճանապարհ։

21
Սասունցի Դավթին ուներ մի քեռի,
Անունը Թորոս, ահեղ աժդահա։
Սա էլ իմացավ համբավը կըռվի,
Մի բարդի ուսին գալիս է ահա։
Գալիս է՝ հեռվից բարձըր գոռալով.
— Ի՜նչ եք վեր եկել էս դաշտի միջում,
Քանի գըլխանի մարդիկ եք կամ ո՞վ,
Սասունցի Դավթին որ չեք ճանաչում...
Բա չե՞ք իմանում, որ էստեղ է նա
Գալու՝ խաղացնի իր ձին թևավոր.
Չըքվեցե՜ք, հիմի ուր որ է կըգա,
Եկել եմ սըրբեմ մեյդանը էսօր։

Ասավ ու քաշեց իր ուսի բարդին,
Սըրբեց բանակից մի քըսան վըրան...
Դավիթն էլ ահա սարի գագաթին
Կանգնած՝ գոռում է վիշապի նըման.

— Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք,
Ով կեցել եք՝ զենք կապեցե՜ք,
Զենք եք կապել՝ ձի թամբեցե՜ք,
Ձի եք թամբել՝ ելե՜ք, հեծե՜ք,
Հետո չասեք՝ թե մենք քընած —
Դավիթ գող-գող եկավ, գընաց...

Էսպես կանչեց ասպանդակեց,
Ու, ինչ ամպից կեծակ զարկի,
Մըսրա զորքի մեջտեղ զարկեց,
Շողացնելով Թուր-Կեծակին։

Ջարդեց, փըշրեց մինչև կեսօր.
Կեսօր արինն ելավ հեղեղ,
Քըշեց, տարավ հազարավոր
Մարդ ու դիակ ողջ միատեղ։

Կար զորքի մեջ մի ալևոր,
Աշխարք տեսած ու բանագետ.
— Տըղե՛րք, ասավ, ճամփա տըվեք,
Գընամ խոսեմ ես Դավթի հետ։

Գընաց՝ կանգնեց Դավթի առաջ,
Էսպես խոսեց էն ծերունին.
— Դալար կենա՛, կուռըդ, ո՛վ քաջ,
Սուրըդ կըտրուկ միշտ քո ձեռին։

Մի ծերունուս խոսքին մըտիկ,
Տե՛ս, քու խելքը ինչ է կըտրում։
Ի՞նչ են արել քեզ էս մարդիկ,
Հե՞ր ես սըրանց դու կոտորում։

Ամեն մինը մի մոր որդի,
Ամեն մինը մի տան ճըրագ,
Որը կինն է թողել էնտեղ
Աչքը ճամփին, խեղճ ու կըրակ։

Որը մի տուն լիք մանուկներ,
Որը ծնող աղքատ ու ծեր,
Որը լացով քողն երեսին
Նորապըսակ ջահել հարսին...

Թագավորը զոռով-թըրով
Հավաքել է, էստեղ բերել։
Խեղճ մարդիկ ենք՝ պակաս օրով,
Մենք քեզ վընաս ի՞նչ ենք արել։

Թագավորն է քու թըշնամին,
Կըռիվ ունես — իր հետ արա,
Հե՞ր ես քաշում Թուր-Կեծակին
Էս անճարակ խալխի վըրա։

— Լավ ես ասում դու, ծերունի՛,
Ասավ Դավիթն ալևորին,
Բայց թագավորն ո՞ւր է հիմի,
Որ սև կապեմ նըրա օրին։

— Մեծ վըրանում քընած է նա,
Է՛ն, որ միջից ծուխը կելնի.
Էն ծուխն էլ հո ծուխ չի որ կա,
Գոլորշին է իր բերանի։

Ասին. դեպի մեծ վըրանը
Ասպանդակեց Դավիթն իր ձին,
Քըշեց, գընաց ու դըռանը
Գոռաց կանգնած արաբներին.

— Ո՞ւր է, ասավ, ի՞նչ է կորել,
Դուրս կանչեցե՛ք, գա ասպարեզ,
Թե մահ չունի՝ մահ եմ բերել,
Գըրող չունի՝ գըրողն եմ ես...

— Մելիքն, ասին, քուն է մըտել,
Օխտը օրով պետք է քընի.
Երեք օրն է դեռ անցկացել,
Չորս օր էլ կա, քունը առնի։

— Ի՜նչ, բերել է աղքատ ու խեղճ
Խալխին լըցրել ծովն արյունի,
Ինքը մըտել վըրանի մեջ՝
Օխտը օրով հանգիստ քընի՜...

Քընել-մընել չեմ հասկանում,
Վե՛ր կացրեք շո՜ւտ, դուրս գա մեյդան,
Էնպես դըրան ես քընացնեմ,
Որ չըզարթնի էլ հավիտյան։

Ելան՝ մարդիկ ճարահատված
Շամփուր դըրին թեժ կըրակին
Ու զարկեցին խոր մըրափած
Մըսրա-Մելքի բաց կրընկին։

— Օ՜ֆ, էլ հանգիստ քուն չունի մարդ
Էս անիծված լըվի ձեռից,
Խոր մըռընչաց հըսկան հանդարտ
Ու շուռ եկավ, քընեց նորից։

Ելան, բերին մեծ գութանի
Խոփը՝ դըրին թեժ կըրակին,
Ու կաս-կարմիր, կեծկըծալի,
Շիկնած տըվին մերկ թիկունքին։

— Օ՜ֆ, էլ հանգիստ քուն չունի մարդ
Էս անիրավ մոծակներից,
Աչքը բացավ հըսկան հանդարտ,
Ուզում էր ետ քընել նորից։

Տեսավ Դավթին։ լուխն ահեղ
Վեր բարձրացրեց մըռընչալով,
Փըչեց վըրեն, որ թըռցընի
Էն աժդըհին մի փըչելով։

Տեսավ, տեղից ժաժ չի գալի,
Զարմանքն ու ահ պատեց հոգին։
Արնոտ աչքերն ըսպառնալի
Հառեց խոժոռ Դավթի աչքին։

Նայեց թե չէ, զգաց՝ իր մեջ
Տասը գոմշի ուժ պակասեց։
Պառկած տեղից վրա նստեց
Ու ժպտալով հետը խոսեց.

— Բարո՛վ, Դավի՛թ, հոգնած ես դեռ,
Ե՛կ, մի նստի՛ր, խոսենք կարգին,
Հետո դարձյալ կըռիվ կանենք,
Եթե կըռիվ կուզես կըրկին...

Իր վըրանում բըռնակալը
Քառսուն գազ խոր հոր էր փորել,
Ցանցով փակել մութ բերանը,
Վըրեն փափուկ խալի փըռել։

Ում որ հաղթել չէր կարենում,
Շողոմելով կանչում էր նա,
Նըստեցնում էր իր վըրանում
Էն կորստյան հորի վըրա։

Իջավ Դավիթ ձիուցը ցած,
Գընաց նըստեց... ընկավ հորը.
— Հա՛, հա՛, հա՛ հա՛, քահ-քահ խընդաց
Մըսրա դաժան թագավորը։

— Դե, թող հիմի գընա՝ խավար
Հորում փըթի, էնքան մընա։
Ու ահագին մի ջաղացքար
Բերավ, դըրավ հորի վըրա։

22
Քընեց էն գիշեր Ձենով Օհանը։
Գիշերն երազում երևաց ծերին՝
Մըսրա երկընքում արև ճառագած,
Սև ամպ էր պատել Սասմա սարերին։

Սաստիկ վախեցած վեր թըռավ տեղից։
— Վա՛յ, կընի՛կ, ասավ, մի ճըրագ արա՛,
Գընա՜ց մեր անփորձ Դավիթը ձեռից,
Սև ամպ էր իջել Սասունի վըրա։

— Հողե՜մ գըլուխդ, ասավ կընիկը,
Ո՜վ գիտի՝ Դավիթն ո՛ւր է քեֆ անում...
Դու էլ քեզ համար քու տանը ընկած՝
Ուրիշի համար երազ ես տեսնում։

Քընեց Օհանը։ Վերկացավ դարձյալ.
— Կընի՛կ, Դավիթը նեղ տեղն է ընկած.
Մըսրա վառ աստղը շողում էր պայծառ.
Մեր աստղը հիվանդ ցոլքում դալկացած։

— Ի՞նչ եղավ քեզ, մա՛րդ, գիշերվան կիսին.
Բարկացավ վըրեն կընիկըն աղմուկով։
Խաչ քաշեց էլ ետ Օհանն երեսին,
Շուռ եկավ, քընեց խըռոված հոգով։

Մի ուրիշ պատկեր ավելի ահեղ.
Տեսավ՝ երկընքի բարձըր կամարում
Վառվում էր մըսրա աստղը փառահեղ,
Սասմա աստղիկը սուզվեց խավարում։

Զարթնեց վախեցած։ — Տունդ քանդվի, կի՜ն։
Ես ո՜նց լըսեցի քու էդ կարճ խելքին.
Կորավ մեն-մենակ մեր ջահելն անտեր.
Վե՛ր կաց, շո՛ւտ արա, զենքերըս մի բե՛ր...

23
Ելավ Օհան, գոմը մըտավ,
Զարկեց ճերմակ ձիու մեջքին.
— Է՜յ, ճերմակ ձի, մինչ ե՞րբ, ասավ,
Կըհասցընես Դավթի կըռվին։

«Մինչև լուսը կըհասցնեմ».
Ու ձին տըվավ փորը գետին.
— Մեջքըդ կոտրի՛, լուսն ի՞նչ անեմ.
Լաշին հասնեմ ես, թե՞ նաշին։

Կարմիր ձիու մեջքին զարկեց.
Սա էլ երետ փորը գետին.
— Ջա՛ն կարմիր ձի, մինչ ե՞րբ դու ինձ
Կըհասցընես Դավթի կըռվին։

«Մի ժամի մեջ, կարմիրն ասավ,
Կըհասցընեմ Դավթի կըռվին»։
— Լեղի դառնա, սև մահ ու ցավ,
Ինչ տըվել եմ քեզ՝ էն գարին։

Հերթը եկավ սևին հասավ.
Գետին չերետ փորը սև ձին։
— Է՜յ, ջան Սևուկ, մինչ ե՞րբ, ասավ,
Կըհասցընես Դավթի կըռվին։

«Եթե ամուր մեջքիս մընաս,
Ոտըդ դընես ասպանդակին,
Մինչև մեկել ոտըդ շուռ տաս,
Կըհասցընեմ», ասավ սև ձին։

24
Սև ձին քաշեց Ձենով Օհան,
Ձախը դըրավ ասպանդակին,
Աջն էլ մինչև շուռ տար վըրան.
Կանգնեց Սասմա սարի գըլխին։

Տեսավ՝ Դավթի նըժույգն անտեր
Սարերն ընկած խըրխընջալով,
Ներքև Մըսրա զորքը չոքած,
Ինչպես անծեր ծըփուն մի ծով։

Օխտը գոմշի կաշի հագավ,
Որ չըպատռի իրեն զոռից,
Կանգնեց Օհան ամպի նըման
Գոռաց Սասմա սարի ծերից։

— Հե՜յ-հե՜յ, Դավի՜թ, որտե՜ղ ես դու.
Հիշի՜ր խաչը քո աջ թևի,
Սուրբ Տիրամոր անունը տո՜ւր,
Ու դուրս արի լույսն արևի...

Ձենը գընաց դըմբդըմբալով՝
Դավթի ականջն ընկավ հորում.
— Հա՛յ-հա՜յ, ասավ, հորեղբայրս է,
Սասմա սարից ինձ է գոռում։

Ո՜վ Մարութա Աստվածածին,
Ո՜վ անմահ խաչ պատարագի,
Ձե՜զ եմ կանչել, — հասե՜ք Դավթին...
Կանչեց, տեղից ելավ ոտքի,

Էնպես զարկեց ջաղացքարին՝
Քարը եղավ հազար կըտոր,
Կըտորները երկինք թըռան,
Ու գնում են մինչև էսօր։

Ելավ նորից, կանգնեց ահեղ,
Սարսափ կալավ դև Մելիքին։
— Դավիթ ախպեր, ե՛կ դեռ էստեղ,
Սեղան նըստե՜նք, խոսենք կարգի՜ն...

— Էլ չեմ նըստիլ ես քու հացին,
Դու տըմարդի, վախկոտ ու նենգ.
Շո՛ւտ, զենքըդ առ, հեծիր քու ձին,
Դո՛ւրս եկ մեյդան, կըռիվ անենք։

— Կըռիվ անենք, ասավ Մելիք,
Իմն է միայն զարկն առաջին։
— Քոնն է, զարկի՛ր, կանչեց Դավիթ,
Գընաց, կեցավ դաշտի միջին։

Ելավ, կանգնեց Մըսրա-Մելիք,
Իր գուրզն առավ, հեծավ իր ձին,
Քըշեց, գընաց մինչ Դիարբեքիր
Ու էնտեղից եկավ կըրկին։

Երեք հազար լիդր էր քաշում
Հըսկայական իր մըկունդը.
Եկավ, զարկեց. կորավ փոշում
Ու երերաց երկրի գունդը։

— Երկիր քանդվեց կամ ժաժք եղավ,
Ասին մարդիկ շատ աշխարքում։
— Չէ՛, ասացին, արնի ծարավ
Հըսկաներն են իրար զարկում։

— Մեռավ Դավիթ էս մի զարկից,
Ասավ Մելիք իրեն զորքին։
— Կենդանի ե՜մ, ամպի տակից
Գոռաց Դավիթ Մըսրա-Մելքին։

— Հա՛յ-հա՜յ, մոտիկ տեղից եկա,
Տե՛ս, ո՜րտեղից հիմի կըգամ։
Ու վերկացավ, կանգնեց հըսկան,
Իր ձին հեծավ երկրորդ անգամ։

Երկրորդ անգամ քըշեց Հալաբ
Ու բաց թողեց ձին Հալաբից.
Բուք վեր կացավ, տեղ ու տարափ,
Արար աշխարհ դողաց թափից։

Եկավ, զարկեց. զարկի ձենից
Մոտիկ մարդիկ ողջ խըլացան։
— Գընա՜ց Դավիթ Սասմա տանից,
Գուժեց գոռոզ Մըսրա արքան։

— Կենդանի՜ եմ, կանչեց Դավիթ,
Մին էլ արի՜ — հերթն ինձ հասավ։
— Հա՛յ-հա՜յ, մոտիկ տեղից եկա,
Կանչեց Մելիք ու վեր կացավ։

Երրորդ անգամ հեծավ իր ձին,
Գընաց մինչև հողը Մըսրա,
Ու էնտեղից գուրզը ձեռին
Քըշեց, եկավ Դավթի վըրա։

Եկավ, զարկեց բոլոր ուժով,
Ծանըր զարկով հըսկայական.
Փոշին ելավ Սասմա դաշտից,
Բըռնեց երեսն արեգական։

Երեք գիշեր ու երեք օր
Փոշին կանգնեց ամպի նըման,
Երեք գիշեր ու երեք օր
Բոթը տըվին Դավթի մահվան։

Երբ որ անցավ երեք օրը,
Էն ամպի պես կանգնած փոշում
Կանգնեց Դավիթ, ինչպես սարը,
Գըրգուռ սարը մեգ-մըշուշում։

— Մելի՛ք, ասավ, ո՞ւմն է հերթը։
Սարսափ կալավ գոռ Մելիքին,
Մահվան դողը ընկավ սիրտը
Ու տապ արավ գոռոզ հոգին։

Գընաց, խորունկ մի հոր փորեց,
Իջավ, մըտավ վիհն էն խավար,
Վըրեն քաշեց քառսուն կաշի
Ու քառասուն ջաղացի քար։

Մըռընչալով ելավ տեղից
Էն առյուծի առյուծ որդին,
Իր ձին հեծավ ու փոթորկեց,
Խաղաց, շողաց Թուր-Կեծակին։

Առաջ վազեց մազերն արձակ
Մելքի պառավ մայրը ջադու.
— Դավի՜թ, մազըս ա՛ռ ոտիդ տակ,
Էդ մի զարկը ի՛նձ բաշխիր դու։

Երկրորդ անգամ թուրը քաշեց.
Էս անգամ էլ եկավ քուրը.
Դավի՜թ, եթե կուզես, կանչեց,
Իմ սըրտին զա՛րկ երկրորդ թուրը...

Վերջին զարկի ժամը հասավ,
Ելավ Դավիթ երրորդ անգամ.
— Էս մի զարկն ու աստված, ասավ,
Էլ մարդ չըգա, պետք է որ տամ։

Ասավ, ելավ ու փոթորկեց,
Թըռավ, ցոլաց Դավթի հուր ձին,
Ձին փոթորկեց, փայլատակեց
Ու ցած իջավ Թուր-Կեծակին։

Անցավ քառսուն գոմշի կաշին,
Անցավ քառսուն քարերը ցած,
Միջից կըտրեց ժանտ հըրեշին,
Օխտը գազ էլ դենը գընաց։

— Կենդանի՜ եմ, մին էլ արի՜,
Գոռաց Մելիք հորի տակից։
Դավիթ լսեց, շատ զարմացավ
Իրեն զարկեց, Թուր-Կեծակից...

— Մելի՛ք, ասավ, թա՛փ տուր մի քեզ։
Ու թափ տըվավ Մելիքն իրեն,
Միջից եղավ ճիշտ երկու կես,
Մեկն ընկավ դեսն ու մյուսը դեն։

Էս որ տեսավ Մըսրա բանակ,
Ջուր կըտըրվեց ահ ու վախից։
Դավիթ կանչեց. — Մի՛ վախենաք,
Ակա՛նջ արեք հալա դեռ ինձ։

Դուք ըռանչպար մարդիկ, ասավ,
Զուրկ ու խավար, քաղցած ու մերկ,
Հազար ու մի կըրակ ու ցավ,
Հազար ու մի հոգսեր ունեք։

Ի՜նչ եք առել նետ ու աղեղ,
Եկել թափել օտար դաշտեր.
Չէ՞ որ մենք էլ ունենք տուն-տեղ,
Մենք էլ ունենք մանուկ ու ծեր...

Ձանձրացե՞լ եք խաղաղ ու հաշտ
Հողագործի օր ու կյանքից,
Թե՞ զըզվել եք ձեր հանդ ու դաշտ,
Ձեր հունձ ու փունջ, վար ու ցանքից...

Դարձե՛ք եկած ճանապարհով
Ձեր հայրենի հողը Մըսրա.
Բայց թե մին էլ զենք ու զոռով
Վեր եք կացել դուք մեզ վըրա,

Հորում լինեն քառսուն գազ խոր
Թե ջաղացի քարի տակին, —
Կելնեն ձեր դեմ, ինչպես էսօր,
Սասմա Դավիթ, Թուր-Կեծակին։

Էն ժամանակ աստված գիտի,
Ով մեզանից կըլնի փոշման.
Մե՞նք, որ կելնենք ահեղ մարտի,
Թե՞ դուք, որ մեզ արիք դուշման...
1902