Եղիշե Չարենց


Ես իմ անուշ Հայաստանի...

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու Նայիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ուր է՛լ լինեմ - չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր -
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան - յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա.
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա.
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա.
Ինչպես անհաս փառքի ճամբա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։



Էլի գարուն կգա

Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա:
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա:

Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե - նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա:

Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը -
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա:

Ուրիշ սրտի համար կհալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը -
Գերեզմանիս մարմար քարին կմնա:



Լուսամփոփի պես աղջիկ

Լուսմփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ...

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն...

Լուսմփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ...



Գիշերն ամբողջ

Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արևի մասին։
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար ―
Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին։

Ես երազեցի արևի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
Արևանման, արնավառ խոսքի, ―

Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար ―
Խոսքեր չկային, ու արև չկար...



Հայաստանին

Հազար ու մի վերք ես տեսել, - էլի՛ կը տեսնես,
Հազար խալխի ձեռք ես տեսել, - էլի՛ կը տեսնես։

Աշնան քաղած արտի նման՝ Հազար զոհերի
Չհավաքված բերք ես տեսել, - էլի՛ կը տեսնես։

Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման,
Հազար տարվա հեք ես տեսել, - էլի՛ կը տեսնես։

Նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան,
Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել, - էլի՛ կը տեսնես։

Քո Չարենցին լեզու տվող երկիր Հայաստան,
Հազար ու մի երգ ես տեսել, - էլի՛ կը տեսնես։



Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն -
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին...



Ստալին

Իոհան Ահեղի ստվե՞րն է կրկին
Բարձրացել Կրեմլի գետնախորերից. ―
Եվ զարհուրելի, խառնակ օրերի
Սարսափն է կրկին ավետում երկրին...

Մի՞թե անիշխան երկրի դեռ կայուն
Բռնակալության միակ հենարան ―
Աչքերում կարմիր զարհուրանք արյան,
Եվ ինքն է դեռ այս երկիրը պահում...

Եվ մի՞թե սարսափ առած գազանի
Իր մահն զգացող բորենու նման,
Մահվան մուժն է նա հալածում հիմա
Շաչյունով կացնի ու խարազանի...

Եվ մի՞թե ինչպես դարեր դեռ առաջ,
Ապրում ենք կրկին ահեղ նախօրե, ―
Եվ գալու են խոլ ու խառնակ օրեր, ―
Ասպատակություն, նախճիր, կոտորած:

Եվ խարույկների հրաճարակին
Դեռ քանի՜ սերունդ պիտի մոխրանա,
Եվ միջնադարյան դեռ մուժ է գալու,
Մինչև ճառագի այգը իսկական...
1937



Սև կախաղան

Ինձ բոլորն են խաբում, սիրտ իմ,
Եվ ես անօգ եմ մարդկանց հանդեպ:
Աշխարհը, կյանքը բիրտ է,
Իսկ դու միամիտ ես այնպե՜ս...

Գալիս են աչքերիդ առաջ
Կատարում ինչ որ կուզեն,
Իսկ դու հայացքդ վեր հառած
Որոճում ես հիմարական հույզեր:

Քեզ խաբում են, անում ոտնակոխ,
Եթե լույս ես տալիս, համարելով այն թույն
Ձգտումներ և՛ սին, և՛ լրբենի թակով
Իրենց գործն են տեսնում վատթարագույն:

Երազում եմ միայն թքել դեմքիդ
Եվ լույսերիդ հանդեպ քեզ թույն ձոնել,
Լավ չէ՞ արդյոք որ դու կործանվելով հիմքից
Սև կախաղան ելած պարտությունդ տոնես:

Թքես ինքդ էլ քո այն ամենալույս
Ամենասուրբ կոչածդ ուրուների վրա
Անարգելով ամեն փրկության հույս՝
Ինքդ մարես ճրագն այս հուրհուրան...

1937